Рубрика: Կենսաբանություն

Կանաչ Էվգլենա

Euglena EPA.jpg

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում[1]։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։