Рубрика: Ճամբարներ, Ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մենք հունիսի 28-ից եռօրյա ճամփորդություն ունեինք դեպի Արատես: Ճանապարհը երկար էր, բայց շատ սիրուն: Առաջին կանգառը Տիգրանաշենի բարձունքն էր: Այնտեղից նայեցինք Արարատին: Այն շատ սիրուն էր ու լուսավոր: Մենք պետք է հաղթահարեինք Սմբատաբերդի բարձունքը: Անցանք Արտաբույնք գետի վրայով ու իսկական ճամփորդի նման քայլեցինք դեպի Սմբատաբերդ: Բարձունքը մի քիչ դժվար էր, բայց մենք այնքան ուժեղ էինք, որ բարձրացանք, բերդի ներսում գլխարկների հրավառություն արեցինք ու իջանք Եղեգիսի կիրճ: Իջնելը նույպնես դժվար էր. քարերը պոկվում էին ոտքերիս տակից: Ներքևում՝ Եղեգիս գյուղում, մեզ էր սպասում մեր մեքենան: Գյուղի ճանապարհին մեզ մի էշ էր ուղեկցում, որը մոտենում ու հոտոտում էր մեզ: Ժամը հինգին հասանք Արատես: Իրերը տեղավորեցինք մեր տնակներում, ճաշեցինք: Մայրիկս և ընկեր Լուսինեն Սմբատաբերդի ճանապարհից ուրց ու նանա էին հավաքել: Մենք երեկոյան դրանցով թեյ խմեցինք: Շատ անուշ թեյ էր ստացվել: Քնից առաջ ինտելեկտուալ խաղեր խաղացինք: Ընկեր Արշակն ու ընկեր Մենուան մեզ համար խարույկ վառեցին: Կրակի մոտ երգեցինք, պարեցինք, տաքացրած <<marshmallow>> կերանք ու գնացինք քնելու:
Առավոտյան լվացվեցինք, հավաքվեցինք նախավարժանք անելու: Արատեսի սարերն ու կանաչ բնությունը շատ գեղեցիկ էին: Օդը շատ մաքուր էր: Նախավարժանքից հետո նախաճաշեցինք ու պատրաստվեցինք ընդունելու ԱԻՆ աշխատակիցներին: Նրանք մեզ սովորեցրեցին թե ինչ պետք է անել, երբ կծում է օձը, կարիճը: Ինչ պետք է անել, երբ հրդեհ է լինում: Աինական զրույցից հետո գնացինք Արատես գետի մոտ, որ պարաններով անցնենք գետը: Դա շատ հետաքրքիր էր, բոլորը շատ ոգևորված էին: Երեխաներից մի քանիսն անցան գետը. մայրիկս էլ անցավ: Չնայած ջուրը սառն էր, ու ես ջերմություն ունեի, բայց լողացինք գետի ու լողավազանի մեջ: Լողալուց հետո աղաջիկների հետ խաղում, զրուցում էինք: Հետո ընկեր Արշակի հետ գնացինք մաթեմաթիկական չափումներ անելու հետո, երբ ետ եկանք, ընթրելու ժամն էր: Երբ մթնեց տաք թոնրի շուրջը նստեցինք. լավաշ էինք տաքացնում ու ուտում: Շատ համեղ էր: Քիչ հետո գնացինք քնելու. ու ես էլի ջերմություն ունեի: Ամբողջ գիշեր ես ու մայրիկս չքնեցինք: Առավոտյան պարզվեց ջրծաղիկ եմ… Ես ասում եմ ձնծաղիկ:
Երբ բոլորն արթնացան, լվացվեցին, նախավարժանք արեցինք: Ապա հավաքեցինք մեր իրերը, նախաճաշեցինք ու ճամփա ընկանք: Վերադարձը Սելիմի լեռնանցքով էր, Սևանով-Երևան: Եղանք Սելիմի քարավանատանը: Սևանի ափին, շատ չմնացինք: Ամպամած էր, ջուրը սառն էր ու քամոտ՝ չլողացինք: Բայց ճաշեցինք Սևանի ափին ու շարժվեցինք Երևան:

Оставьте комментарий